Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, որի արդյունքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ներում շնորհել նրան։

Հիշեցնենք, որ ըստ դատավճռի՝ Երևանի բնակիչ Մհեր Ենոքյանը հանցավոր համաձայնության գալով ընկերոջ՝ Արամ Հարությունյանի  հետ, 1996թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր համակուրսեցի, ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանող Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը նրա հարազատներին հայտնելու համար 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով տարել է Արամ Հարությունյանի բնակարան։ Այնտեղ Ենոքյանը վերցրել է նախապես թաքցրած երկաթյա պտուտակող բանալին և հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի ու ողնաշարի հատման շրջանում և տեսնելով, որ այդ հարվածով չի սպանել նրան, դրսևորելով առանձնակի դաժանություն, նույն երկաթյա բանալիով շարունակել է հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի տարբեր մասերին, այնուհետև ձեռքը գցելով նրա պարանոցին, փորձել է խեղդամահ անել: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը):

Շահադիտական դրդումներով և առանձնակի դաժանությամբ Իոսիֆ Աղաջանովին սպանելուց հետո նրա դիակը տեղավորել են նախապես այդ նպատակով գնած պայուսակի մեջ և այն տնից տեղափոխելով՝ թաքցրել Երևանի Նորքի 8-րդ զանգվածի շրջակայքում՝ քարերի տակ։

1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի, ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:

Իոսիֆ Աղաջանովի իրավահաջորդ Միխայիլ Աղաջանովը, որը սպանված տղայի հայրն է, բազմիցս հրապարակային արտահայտել է իր դիրքորոշումը, որ Մհեր Ենոքյանն է սպանել իր որդուն, և նրա մեղքն ապացուցված է։

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին 24News-ը զրուցել է սպանված Իոսիֆ Աղաջանովի քրոջ՝ Ելենա Աղաջանովայի հետ։