Հանրապետական Թուրքիայում առաջին անգամ եկեղեցի կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հիմքից եկեղեցի կառուցելու թույլտվություն են տրամադրել ասորական համայքին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ նախկինում թուրքական իշխանությունները եկեղեցիների վերանորոգման համար էին միայն թույլտվություն տալիս:

Հայտնի է, որ ասորական եկեղեցին կառուցվելու է Յեշիլքյոյ թաղամասում գտնվող  իտալական գերեզմանատան տարածքում:

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետ Բյուլենթ Քերիմօղլուն, այցելելով Ստամբուլի, Անկարայի ասորական ուղափառ եկեղեցու մոտրոպոլիտ Յուսուֆ Չեթինի նստավայր, հանձնել է եկեղեցի կառուցելու գրավոր թույլտվությունը:

Քերիմօղլուն նշել է, որ շուտով սկսվելու են Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառուցվելիք եկեղեցու շինարարական աշխատանքները, որի համար կպահանջվի մոտ 2 տարի:

Ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինի փոխանցմամբ` շուրջ 10 տարի իրենք ջանքեր են գործադրել եկեղեցու կառուցումը հաջողելու համար:

Մետրոպոլիտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել և ներդրումն ունեցել այդ գործում:

«Թուրքիայում ասորական համայքը ազգային և կրոնական փոքրամասնությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն հայ համայնքին»,- ասել է ասորի հոգևոր առաջնորդը:

Մետրոպոլիտի փոխանցմամբ` ասորական շատ վանքեր և եկեղեցիներ կան Թուրքիայի հարավարևելյան և արևելյան շրջաններում, իսկ Ստամբուլում չկան: