Ամենատարեց քաղաքացին՝ 103-ամյա Բավական Փիլոյանը, կհանձնի պատգամավորի մանդատներ․ «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանի փոխանցմամբ՝ Բավական Փիլոյանը 103 տարեկան է, բնակվում է Լոռու մարզի Սարահաթ համայնքում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք նման տարիք ունեցող քաղաքացին կարող է մանդատները հանձնել, Մուկուչյանը պատասխանեց. «Դե կտեսնենք, ի վիճակի՞ է, թե՝ ոչ, իրազեկել ենք, սպասում ենք»:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են հունվարի 10-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է, որ Բավականի Փիլոյանից զատ պատգամավորներին մանդատներ կհանձնեն ևս 27 ընտրողներ, որոնք մասնակցել են 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին»: