ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով հարցեր է ուղղել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

2019 թվականի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել դիմումատուի անձնագիրը եւ թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը եւ ՀՀ կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը՝

Արդյոք ՀՀ իշխանությունը վերցրե՞լ է դիմումատուի անձնագիրը: Եթե՝ այո՛, ապա որո՞նք են դրա իրավական և փաստական հիմքերը.

Հաշվի առնելով Դիմումատուի առողջական վիճակը՝ արդյոք հնարավո՞ր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:

ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչեւ սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություն ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւավորելու եւ սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար: