Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

հեպատիտ

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի անցկացվում է հուլիսի 28-ին` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Օրվա նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը վիրուսային հեպատիտի գլոբալ բեռի վերաբերյալ` միավորելով աշխարհը հեպատիտի դեմ պայքարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մարդ է մահանում հեպատիտի հետ կապված հիվանդությունից:

2021 թվականի կարգախոսն է. «Հեպատիտը չի կարող սպասել»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 325 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է 14-15 միլիոն մարդ:

Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները տարածաշրջանում դառնում են 170 հազար մարդու մահվան պատճառ: Այդ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև, հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ:

Հայաստանում 1999 թվականին ներդրվել են Հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը և՛ մեծահասակների, և՛ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա 1999 թվականին` պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանուկների շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ:

2019 թվականին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության վառ ապացույցն է:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի բժշկական կազմակերպություններում ներդրվել է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 6 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 9 անգամ:

«Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման ծրագիրը» մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի վերջից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր տարի հեպատիտ Ց-ով առնվազն 1000 պացիենտի բուժել: Մեկնարկից հետո` հուլիսի 27-ի դրությամբ 446 պացիենտ բարեհաջող ավարտել է բուժումը, որոնցից 66-ը բուժում է ստացել 24 շաբաթյա տևողությամբ, մնացածը` 12:

Իրականացվում է նաև ՄԻԱՎ-հեպատիտ Ց համավարակով պացիենտների բուժում: Մեկ տարվա ընթացքում 156 պացիենտ արդեն ստացել է անհրաժեշտ բուժումը:

--00--ԱԹ