Դեկտեմբերի 28-ից հունվարի 8-ը «Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրել է 11 հազար 320 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշը:

Միջազգային հաղորդակցությունում՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 519 ուղևոր (աճը՝ 21%):

Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղևոր:

Երկաթուղու ուղևորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին, ինչը վկայում է Հարավկովկասյան երկաթուղու հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին: 

Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին ավտոտրանսպորտի ուղևորահոսքի անկումը կազմել էր 9,4%, ապա երկաթուղում արձանագրվել է 5,3%-ով աճ: 

Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում դրական դինամիկան նկատվում է 2015 թվականից:

Միևնույն ժամանակ ավելանում է նաև ուղևորատար գնացքների արտադրողականությունն ու արդյունավետությունը: Օպերատիվ տվյալների համաձայն, 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով, փոխադրվել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է:

Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:

Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը կազմել է 14 հազար:

Մոտակա ամիսներին ՀԿԵ-ն կստանա երկրորդ նոր էլեկտրագնացք, ինչի շնորհիվ ավելանալու է հանրապետության երկու գլխավոր քաղաքների միջև կատարվող չվերթների հաճախականությունը: