Ինչո՞ւ է ՌԴ ՊՆ-ն «թաքցրել» Սիրիայում հայազգի զինվորի զոհվելու լուրը. BBC-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

 

Thumbnail
BBC-ի ռուսական ծառայություն ներկայացրել է Սիրիա զինվորական գործուղման մեկնած  ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանի պատմությունը, որը 2018 թ. նոյեմբերի 2-ին զոհվել էր Սիրիայում։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ կրտսեր սերժանտը զոհվել է Դեր Զորում՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից: Կրտսեր սերժանտի ընտանիքին տրամադրված մահվան տեղեկանքում նշվում է, որ Առուստամյանը զոհվել է ականապատ արգելափակոցի պայթյունի հետևանքով՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Երիտասարդը զոհվել է արգելափակոցը բացելիս․ նա չի կարողացել պահել այն ու գցել է, ինչի հետևանքով պայթել է միանգամից չորս ական: 

Ըստ աղբյուրի՝ ինչ-ինչ պատճառներով որոշում է կայացվել Առուստամյանի մահվան լուրը չհրապարակել: Առուստամյանի հարազատները կատարվածի պաշտոնական վարկածին կասկածանքով են վերաբերվում: 

Thumbnail

«Հակատանկային ականը չի կարող պայթել, եթե այն գցեն ոչ մեծ բարձրությունից: Այլ բան է, եթե ամբողջ գործողության իմաստը ռուսական զենքի գովազդն է: Սիրիա ուղարկվող ռուսական հրթիռները, ինքնաթիռներն ու տանկերը նոր են, մինչդեռ զինամթերքը, արկերն ու ականները՝ դեռևս խորհրդային արտադրության, որոնց մի մասը դեռ շատ վաղուց էր պետք ոչնչացնել: Անորակ ականը, հավանաբար, կարող էր պայթել նման ցածր տարածությունից ընկնելու դեպքում»,-նշել է Առուստամյանի բարեկամներից մեկը, որը նախկինում առնչություն է ունեցել զինված ուժերի հետ: Իսկ զոհվածի եղբայրներից մեկը  նշել է, որ ՌԴ ՊՆ-ն փորձում է ավելորդ անդամ կորուստի մասին չհաղորդել, որպեսզի չվախեցնի Սիրիա զինվորական ծառայության համար մեկնել պատրաստվող կամավորներին:

Նոյեմբերի սկզբին Սիրիայում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքով ՌԴ մի քանի քաղաքացու հնարավոր մահվան մասին առաջինը հայտնել էր «Նովայա գազետա»-ն, սակայն «Նորությունների դաշնային գործակալություն»-ը տեղեկությունը կեղծ էր անվանել՝ բացատրելով, որ դա ընդամենը եղել է «Իսլամական պետություն»-ից առգրավված զենք-զինամթերքի պայթեցման գործողություն:

Thumbnail

Հիշեցնենք, որ 2015 թ. ի վեր Սիրիայում սկսված ռուսական ռազմական արշավի շրջանակում, ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, զոհվել է 100-ից ավելի զինծառայող, սակայն Reuters գործակալության հաշվարկով՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է: Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի կարգադրություն է տվել առ այն, որ ՊՆ-ն  Սիրիայում ռուս զինծառայողների մահվան ոչ բոլոր դեպքերի մասին հրապարակավ հայտնի: