Հասարակական-քաղաքական դաշտից հեռանալու միտք չունեմ. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` այս տարիների ընթացքում քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու համար: Գրառումը՝ ստորև.

«Ինչպես տեղեկացրել ենք, գործընկերներիս` Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ միասին հիմնադրել ենք «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն և Թերթ.am-ի, Արմնյուզի ու Լավ Ռադիոյի մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք հայկական մեդիադաշտում նոր խոսք բերելու, նոր մշակույթ ձևավորելու համար: Հասարակական-քաղաքական դաշտից հեռանալու միտք չունեմ, բայց գործունեությանս նոր հանգրվանը բարոյական տեսանկյունից ենթադրում է զերծ մնալ կուսակցականությունից:

Շուրջ 12 տարի, լինելով ՀՀԿ շարքերում, անչափ մեծ փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել: Հանրապետականում ձեռք եմ բերել նաև երբեք և ոչ մի գումարով ձեռք չբերվող կապիտալը` մարդկային հարաբերությունների կապիտալը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` այս տարիների ընթացքում քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու և վստահության համար:

Քաղաքական նոր շրջափուլում կուսակցական ընկերներիս հաջողություն և տոկունություն եմ մաղթում: Պատիվ ունեմ…», - գրել է Միհրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են գրել: