ՀՀ կառավարությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար 25 մլն դրամ է տրամադրել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

Ոսկե ծիրան

ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման համար կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործունեության տասնյոթ տարիների ընթացքում այն ապահովել է իր կայուն տեղն ինչպես Հայաստանի մշակութային կյանքում, այնպես էլ տարածաշրջանում՝ դառնալով տարածաշրջանի խոշորագույն փառատոներից մեկը:

Փառատոնի կայունության գլխավոր հիմնասյուներից են հանդիսատեսի հետաքրքրությունը, ինչպես նաև՝ տարիների ընթացքում ստեղծված միջազգային կապերը, գործընկեր փառատոնների հետ սերտ հարաբերությունները և միջազգային հեղինակությունը:

2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կրկին հանդես կգա իր մշտական «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսով՝ ներկայացնելով կինոփառատոնի ամբողջ փիլիսոփայությունը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների և մրցութային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի հերթական անգամ շեշտադրել Հայաստանի մշակութային կյանքի կայունությունը, կինոարվեստի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանում՝ փառատոնային ասպարեզում առաջնային դիրքերի պահպանումը:

2021 թվականի հոկտեմբերի 3-9-ը կիրականացվեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք հիմնական մրցութային ծրագրերը` Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթը, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը և «Կորիզ»կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթը:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին երկու տարիների լավագույն ֆիլմերը ողջաշխարհից, կհյուրընկալվեն ֆիլմերի հեղինակները, և կանցկացվեն վարպետաց դասեր: Հարգանքի տուրք կմատուցվի հայ և համաշխարհային կինոյի վարպետներին, կկազմակերպվեն հետահայաց ցուցադրություններ:

Արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ հատուկ դասընթացներ կիրականացվեն երիտասարդ կինոքննադատների համար։ «GAIFF PRO» արտադրական հարթակը կապահովի տարածաշրջանային համարտադրության շուկայի կազմակերպումը, որտեղ հերթական անգամ կանցկացվեն կինոնախագծերի զարգացման դասընթացներ՝ միջազգային դասընթացավարների մասնակցությամբ, և հայաստանյան կինոգործիչները հնարավորություն կունենան միջազգային համագործակցության նպատակով նոր կապեր հաստատել:

18-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև գործարկել ձևաչափեր, որոնք երբևէ չեն կիրառվել Հայաստանում. օրինակ՝ «ցուցադրություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» կամ «նորագույն VR տեխնոլոգիաներով հատուկ ցուցադրություններ»։

Հայաստանի ողջ կինոհանրության, մասնագիտական շրջանակների և ուսանողության համար վարպետության դասերը և կրթական ծրագրերը կիրականացնեն առաջատար վարպետները։ Հաշվի առնելով փառատոնի տեղական և միջազգային լուսաբանման հնարավորությունները` կարևորվում են հետպատերազմական Հայաստանի իմիջային ներկայացումը և մշակութային դիրքավորումը տարածաշրջանի առաջատար մշակութային իրադարձություններից մեկի`«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցով: 

--00--ԱԹ