Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

Հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ- քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։

Տեղում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող պահանջել։ Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։

Նրանց հետապնդել է տարադրամի փոխանակման կետի տնօրենը, որին հաջողվել է Ամիրյան 13 հասցեի մոտ մեկին բռնել։ Խոսքը Էջմիածնում բնակվող 24-ամյա երիտասարդի մասին է, որը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։

Պարզվել է նրա հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը՝ Էջմիածնի 27 և 32 տարեկան բնակիչներ: Նրանք նույն օրը Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանցագործության գործիք մարտական նռնակը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  

--00—ՄՀ