Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման եկու դեպք։ Մայրաքաղաքի երկու բնակիչ  Արաբկիրի բաժին են բերել ինքնաձիգներ, այդ թվում՝ «Կալաշնիկովի», ինչպես և ինքնաձիգի փամփուշտներ։

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նուբարաշենի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Երևանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններում։ Մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մասիսում՝ տարբեր տեսակի հրացանների և ռազմամաթերքի, իսկ Արարատի բաժնում՝ ատրճանակի։ Տարբեր տեսակի հրացանների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Չարենցավանի և Մուշի բաժիններում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման հետաքննիչների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի համայնքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղի բնակիչներից մեկը՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00--ԱԹ