Քոչարյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել, պատճառը հայտնի չէ․ Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

«Քոչարյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել, պատճառը հայտնի չէ։ Օրվա ավարտին որոշումը կհանձնեն»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է նրա փաստաբաններից Արամ Օրբելյանը։ 

«Արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը, քանի որ որևէ նոր բան, ինչ երեկ հնչեցվել է, չկա։ Բոլոր հանգամանքները հայտնի էին դատարանին միջնորդությունը տալու ժամանակ։ Եթե դատարանը գտնում էր, որ դրանք խոչընդոտում են իր անկախությունը, և դա կարող է անաչառ դիտորդի մոտ առաջացնել խնդիրներ, ինքը կարող էր 26-ին և 28-ին ինքնաբացարկ հայտնել ու չհասցնել մինչև այսօր»,-ասել է Արամ Օրբելյանը։

Հարցին՝ սա միտումնավո՞ր ձգձգում էր, Օրբելյանը պատասխանել է՝ դուք ասացիք, ավելացնելու բան չունեմ, ապա հավելել․ «Սա արդատրադատությունից խուսափելու դեպք է, երբ դատարանը ստանում է միջնորդություն, միջնորդությունը վարույթ է ընդունում, ապա քննում է, քննությունը դնում է վերջին աշխատաքնային օրը, որից հետո ինքնաբացարկ հայտնելու ցանկության պատրվակով հետաձգում է մինչև ամսի 9-ը։ Ամսի 9-ին հայտնվում է ինքնաբացարկի միջնորդություն, որում որևէ նոր բան չկա»։