Ընդդիմադիր փոխխոսնակի մեր թեկնածուն ավելի լավն է․ Մարուքյանը՝ Փաշինյանի ակնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տրամաբանական չի համարում ԱԺ փոխնախագահի մասին՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե  ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ պետք է ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել։

«Տրամաբանական չէ, ու Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, հետևաբար, խորհրդարանում պետք է ընտրվի, և ոչ թե ՀՀԿ-ի ժամանակ պահպանված տրադիցիաները մենք շարունակենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը, ապա հավելել, որ Փաշինյանի հայտարարությունը դիտարկել է որպես ակնարկ, որ ընտրելու են ԲՀԿ-ի՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուի օգտին։ Մինչդեռ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ընդդիմադիր փոխխոսնակի իրենց թեկնածուն ավելի լավն է։

Հարցին՝ շարունակվո՞ւմ են Ծառուկյանի հետ հակասությունները, Մարուքյանն ասել է. «Մենք հակասություններ չունենք ոչ մեկի հետ, իսկ ուղերձները հղված են ոչ միայն իրեն, այլև ՀՀ քաղաքացիներին, մեր հասցեին հնչած ապատաեղեկատվությանը, հակաքարոզչությանը, ու մենք կարծում եմ՝ բոլոր հարցերին պատասխանել ենք», - ասել Է. Մարուքյանը և հայտարարել, որ ԱԺ-ում ԼՀԿ-ն ընդդիմություն է լինելու միայն իշխանությանը։