Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է «Ժամանակ»-ի հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ իբրև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսք է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին և իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ: Հայտարարությունը՝ ստորև.

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկատվությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։

Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի շուրջ։

«Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք համարժեք կերպով հրապարակել սույն հերքումը, նույնը խնդրում ենք անել ապատեղեկատվությունը վերատպած այլ լրատվամիջոցներին:

Կոչ ենք անում, առհասարակ, խմբակցությանը վերաբերող ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել խմբակցության ղեկավարից կամ քարտուղարից, և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»: