ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի. Արայիկ Հարությունյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

արայիկ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:

Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում­ ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին», - ասված է ուղերձում։

--00--ԱԹ