Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը․ նա որոշ տարաձայնություններ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով:

Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից:

Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակվեն:

Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ և իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին:

Նախ, կորոնավիրուսի համավարակի և պատերազմի փուլերում մենք կարողացանք կանխել տնտեսության հնարավոր փլուզումը: Ավելին՝ տնտեսական հակաճգնաժամային և զարգացման ծրագրերով սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության և այլ ոլորտներում թույլ չտվեցինք իրավիճակի վատթարացում՝ միաժամանակ ապահովելով զարգացման իրական նախադրյալներ:

Կարևորում եմ նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակումը և թվայնացման ոլորտում առկա ձեռքբերումները: Այս ամենը հրաշալի հիմք են ստեղծում մեր երազած պետության կառուցման համար:

Երախտագիտություն եմ հայտնում ժողովրդին՝ մեր թիմին ցուցաբերած աջակցության համար, ՀՀ վարչապետին ու մեր քաղաքական թիմին՝ նման պատասխանատու աշխատանք ինձ վստահելու համար, ինչպես նաև օրենսդիրի, գործադիրի ու միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Համոզված եմ, որ նախորդ երեք տարիների աշխատանքն իր առարկայական ազդեցությունն է ունենալու Հայաստանը բարեկեցիկ, մրցունակ և ինստիտուցիոնալ պետություն դարձնելու գործում:

Հաջողություն եմ մաղթում նորընտիր Ազգային ժողովին և նոր ձևավորվող կառավարությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»:

--00--ԱՀ