ՀԺՄ-ն դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Հոխիկյան

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ժուռնալիստների միությունը:

«Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը 2021թ․ հուլիսի 29-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` վկայի կարգավիճակով հարցաքննության, ինչի ընթացքում առգրավվել է լրագրողի բջջային հեռախոսը։

Հոխիկյանը առաջարկել է քննչական մարմնին կամովին տրամադրել իր ձեռքի տակ եղած փաստերը, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները անտեսել են լրագրողի պատրաստակամությունը և առգրավել են հեռախոսը, որում եղել են անձնական ու մասնագիտական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։ Այս առումով քննչական մարմինը, փաստորեն, խոչընդոտել է նաև լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը։

Հատկանշական է, որ Նաիրի Հոխիկյանը 2020թ․ 44-օրյա պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմ և մի շարք փաստեր է հրապարակել, որոնք հանրային լայն քննարկումների առիթ են դարձել, ինչից հետո ՀՀ իշխանությունը փաստացի սկսել է հետապնդում իր մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողի նկատմամբ։ Առանց քրեական գործի մանրամասներին ծանոթացնելու՝ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելը և այդ ընթացքում նրա նկատմամբ կասկածյալի կարգավիճակին հատուկ գործողություններ անելը (մեղադրական բնույթի հարցեր, անձնական իրի առգրավում) լրագրողի նկատմամբ ոչ օրինական գործողություններ և ճնշումներ են։

Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքերի մի շարք մանրամասներ, որոնք լույս են սփռում 44-օրյա պատերազմի մութ էջերի վրա, դրանք փաստացի ապացուցողական բազա են պարունակում, մինչդեռ ԱԱԾ-ն առգրավում է լրագրողի հեռախոսը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին»։

--00--ԱՀ