Տարածաշրջանային նախագծերից՝ գերիների հարց ու ականապատում. շաբաթն` ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ՝ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Մինսկում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, թե հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման շնորհիվ հնարավոր եղավ կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Բաքուն ձեռնարկում է բոլոր քայլերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, սակայն Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանում կայուն խաղաղության ստեղծման հարցում:

Իսկ Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչն ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Սերբիան և Ադրբեջանը հարգում և աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Լիբերալ-դեմոկրատական կուսկացության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյի հուլիսի 30-ի հաղորդման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն երկու շաբաթվա ընթացքում, և նրան կկարողանա փրկել միայն Ռուսաստանը:

Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղեկավարության մասին Ժիրինովսկու հայտարարության հետ:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Վրաստանում հունիսի 26-ին մեկնարկել են «Agile Spirit-2021» («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի Ասկերանի շրջանի գրավյալ հատվածում նոր զորամաս է բացել։ Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, որի մանկապարտեզն ադրբեջանցիները վերածել են զորամասի։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել, թե Թուրքիայի ԱԺ նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ:

Երբ այդ տեղեկատվությունը լայնորեն տարածում է ստացել մամուլում, Շենթոփն ասել է, թե ինքը չի խոսել ընդհանուր թյուրքական բանակ ստեղծելու շուրջ Բաքվի և Անկարայի բանակցությունների մասին, երկու երկրները դեռ միայն համատեղ զորավարժություններն են անցկացնում։

ՊՌ նախագահի խոսնակ Պեսկովն, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համատեղ թյուրքական բանակ ստեղծելու թեմային, նշել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը, դա նրանց սուվերեն գործն է։ Կարևոր է, որ դա չգործի ի վնաս տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության մթնոլորտի։

Ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական «Bulgarian Military» հարթակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սև շուկայում զենք վաճառելու փաստին: Հարթակը փաստել է, որ շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զենք ու զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին:

Շաբաթվա ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։

Ադրբեջանական մի շարք վերլուծաբաններ սահմանային լարվածությունը պայմանավորել են այն հանգամանքի հետ, որ Հայաստանը, ստանալով Արևմուտքի աջակցությունը, փորձում է խոչընդոտել ԼՂ հակամարտության շուրջ եռակողմ համաձայնությունների իրականացմանը։ Ըստ նրանց՝ Արևմուտքի ակտիվացումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրները դուրս են մնացել Ռուսատանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնություններից։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր, որի արդյունքում հայկական կողմը ունեցել է երեք զոհ և չորս վիրավոր:

Ադրբեջանի ՊՆ-ն էլ իր հերթին հայտնել է, թե Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը Քարվաճառի շրջանում: Գնդակոծության արդյունքում վիրավորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ

ՀՀ ՄԻՊ-ը ահազանգ է հնչեցրել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել այդ տեղեկություները։

Ապա Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, թե իրենք ընդունել են հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից սկսած Հայաստանի հետ սահմանին հրադադարի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե իբր հայկական կողմը շարունակում է գնդակոծել իրենց դիրքերը։

Պակիստանի ԱԺ նախագահ Ասադ Քայսերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սահմանային իրավիճակը սրելու հարցում մեղադրել է Հայաստանին և անվտանգության տեսանկյունից կարևորել սահմանազատման շուրջ բանակցություններ վարելու հանգամանքը։

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին և աշխատում են կողմերի հետ: ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին խորհրդական Փոլ Գոբլը նշել է, թե Մոսկվան անկայունություն է ստեղծում, որ հետո իրավիճակից օգտվի։

ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի սահմաններին կատարվող իրադարձությունները, կրակոցներն ու հայկական կողմի զոհերը անհանգստացնում են Ֆրանսիային։ Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մատիաս Լյուտենբերգը թվիթերյան իր էջում գրել է․ «Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը»։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե ԱՄՆ-ը դատապարտում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման։

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե պետքարտուղարությանը և պետքարտուղար Բլինքենին կոչ է անում բարձրաձայնել վերջին իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու հրադադարը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը Twitter-ի իր էջում գրել է, թե Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, թե ուժի կիրառումն անընդունելի են համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդները։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Իրանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է բոլոր երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո:

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկությունները մտահոգիչ են։ ԵԽԽՎ-ի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո։

Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ նշելով, թե դատապարտում են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջերս արած հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» մասին, և ՀՀ տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։

Հուլիսի 29-ին ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե հայկական կողմի՝ ԱԹՍ խոցելու մասին տարածած տեղեկությունը կեղծ է:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

«1520» ռուսական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Բոլոտսկին հայտնել է, որ իրենց ընկերությունը, որն զբաղվում է երկաթգծերի նախագծմամբ և շինարարությամբ, ցանկանում է մասնակցել Հորադիզ-Աղբենդ և Բարդա-Ակնա (Աղդամ) երկաթգծերի իրականացմանը: Վերջինս հույս է հայտնել, որ իրենք կնպաստեն Ղարաբաղի վերականգնմանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Բարդա-Ակնա (Աղդամ) հատվածը Եվլախ-Ստեփանակերտ (Խանքենդի) երկաթգծի մի մասն է, իսկ Հորադիզ-Աղբենդը «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ:

«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության ներկայացուցիչ Վալեհ Ամիրասլանովը լրագրողներին ասել է, թե Ֆիզուլիի օդանավակայանը կդառնա միջազգային օդանավակայան և կկարողանա ընդունել մինչև 400 տոննա քաշ ունեցող ինքնաթիռներ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծել են, թե Ղարաբաղի վրայով թռչող բոլոր ինքնաթիռները կարող են ազդանշաններ ստանալ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում տեղադրված ցամաքային VOR / DME նավիգացիոն համակարգից:

Հուլիսի 27-ին Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Օկլահոմա նահանգի նահանգապետ Ջոն Քեվին Սթիթի գլխավորած պատվիրակությանը: Սթիթը հույս է հայտնել, որ իր առաջիկա այցը Կովսականի (Զանգելան) շրջան հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի կողմից իրականացվող «կանաչ էներգիա» և «խելացի գյուղ» նախագծերին: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Կովսական (Զանգելան)՝ ծանոթանալու «խելացի գյուղ» նախագծին:

Ալիևը Twitter-ի իր էջում գրել է, թե Վարանդայի (Ֆիզուլիի) և Ջրականի (Ջաբրայիլի) գլխավոր հատակագիծը հանրությանը կներկայացվի առաջիկա ամիսներին: Կովսական (Զանգելան) քաղաքի գլխավոր հատակագծի պատրաստման գործընթացն արդեն սկսվել է: Եվ իրենք ընտրություն են կատարում մի քանի ծրագրերի միջև:

Շաբաթվա ընթացքում Ալիևը կարգադրություն է ստորագրել Քարվաճառի և Լաչինի շրջաններում ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման հետ կապված միջոցառումների մասին, որի նպատակով պետբյուջեից 10 մլն մանաթ է հատկացվել Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետականգործակալությանը:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությանը հայտնել է, որ փորձնական ծրագրի շրջանակներում այս տարի 15 մեղվաբուծական տնտեսություն է տեղափոխվել Լաչինի արոտավայրեր:

Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դևլեթխան Դևլեթխանովը հայտարարել է, թե Ղարաբաղի ամբողջ տարածքն ընդգրկող գլխավոր պլան են մշակում: Նրա խոսքով՝ այնտեղ ներառված են բոլոր ենթակառուցվածքները։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Շուշիի տարածքային պլանավորման ծրագիրը, հաղորդել են, թե Ադրբեջանը ծրագրում է մինչև 2040 թվականը քաղաքի բնակչությունը հասցնել 25 հազարի։ Նշվել է, որ Շուշիում նախատեսվում է 750․000 քառակուսի մետր բնակարանային ֆոնդ ստեղծել։

Հուլիսի 29-ին Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանական պատվիրակությունների անդամները այցելել են Շուշի: Հետաքրքական է, որ չնայած ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածված տեղեկություններին, թե Շուշիում փաստաթուղթ է ստորագրվելու, նման իրադարձություն տեղի չի ունեցել։

Թուրքիայի ԱԺ նախագահ Մուսթաֆա Շենթոփը թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի:

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները շարունակել են ուղևորությունը Արցախի գրավյալ տարածքներով․ նրանք եղել են Վարանդայում (Ֆիզուլի), որտեղ հետևել են ծանոթացել են միջազգային օդանավակայանի ու ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքին։

Լոնդոնյան «Daily Telegraph» պարբերականը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նշել է, թե Արևմուտքը ճնշում է գործադրում Իլհամ Ալիևի վրա՝ Ադրբեջանում ներքին ազատականացման հասնելու համար։ Պարբերականը հավելել է, որ այս պահին Ադրբեջանի կառավարությունը խիստ զբաղված է վերագրաված տարածքների վերակառուցմամբ, իսկ իրական քաղաքական բարեփոխումները մղվել են հետին պլան։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Հուլիսի 26-ին Թուրքիայի ԱԺ նախագահ Մուստաֆա Շենթոփի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը և Պակիստանի ԱԺ նախագահ Ասադ Քայսերը Ստամբուլից ժամանել են Բաքու:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե Երևանը պետք է հրաժարվի տարածաշրջանային խնդիրների լուծումը Հարավային Կովկասից դուրս փնտրելու «սովորությունից»։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի կայունությունը և զարգացումը կապահովվի Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ։

Հուլիսի 27-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանական պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում արդյունքում ստորագրվել է Բաքվի հռչակագիրը, որում երեք երկրների խորհրդարանների նախագահները կարևորում են միջխորհրդարանական կապերի դերը։

Հռչակագրում խորհրդարանների խոսնակները դատապարտում են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզները Ադրբեջանին չտրամադրելու հարցում և արտահայտում իրենց համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ Արցախից գրավված տարածքները վերականգնելու և ներքին տեղահանվածների վերադարձը կազմակերպելու ջանքերում:

Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»: Իսկ Թուրքիայի ԱԺ խոսնակ Մուստաֆա Շենթոփն ասել է, որ Անկարան Բաքվի հետ քննարկում է Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, կարևորելով «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, նշել է, թե միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացվի ՌԴ սահմանապահների կողմից, որոնք առանց այդ էլ ապահովում են ներկայիս Հայաստանի արտաքին սահմանների անվտանգությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր չէ աշխատել ԼՂ-ի շուրջ կարգավորման համար տարածաշրջանային համատեղ հարթակում: Նա առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։

Ըստ նրա՝ Վրաստանի համար անընդունելի է Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ առաջարկվող «3+3» պլատֆորմը: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում հատուկ ընդգծել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեության ակտիվացման կարևորությունը։

Շաբաթվա ընթացքում Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել գազի սեզոնային մատակարարումների համար: «Ազերկոնտրակտի» և «Գազպրոմի» խմբի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսում է ամառային սեզոնին Ադրբեջանից դեպի Ռուսաստան, իսկ ձմռանը՝ Ռուսաստանից Ադրբեջան գազի մատակարարում:

Աշխաբադում կայացել է Թուրքմենա-ադրբեջանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրում ածխաջրածնային պաշարների համատեղ զարգացման միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ: Ընդգծվել է այս նախագծում ռուսական նավթագազային «Лукойл» ընկերության հետ համագործակցության կարևորությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում նշվել է՝ չնայած որ TANAP և TAP խողովակաշարերն ունեն Թուրքմենստանից գազ փոխադրելու անհրաժեշտ հզորություն, սակայն Անդրկասպյան ստորջրյա խողովակաշարում անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն առևտրային ներկայացուցչություն է բացել Թել-Ավիվում։ Հետաքրքիր է, որ սա Ադրբեջանի առաջին պաշտոնական ներկայացուցչությունն է Իսրայելում։

Չնայած Բաքվի ու Թել-Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ին, Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն մինչ օրս չունի։ Փոխարենը բավական ակտիվ գործում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

Հուլիսի 31-ին Ալիևի հանձնարարությամբ ադրբեջանական հրդեհաշիջման ստորաբաժանման խումբը ժամանել է Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու և դրանց հետագա տարածումը կանխելու համար: Արտգործնախարար Բայրամովն իր թուրք պաշտոնակցին հավաստիացրել է, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Բաքվում ավարտվել է Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի գործով շինծու դատավարությունը, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ: Նրանք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Պատիժը կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջանից:

Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման «դիվերսիոն գործողությունների համար»:

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։ Ըստ նրա՝ գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո։

Հուլիսի 27-ին հակատանկային ականի վրա պայթել է Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Բահրուզ Նասիրովը, որը Ջրականի (Ջաբրայիլ) Մեհդիլի գյուղում է եղել՝ չպայթած զինամթերքի որոնման համար։

Այլ թեմաներ

Թուրքական «Haber Global» հեռուստաալիքն իր զեկույցում սուր քննադատության է ենթարկել Կովկասի մահմեդական բյուրոյի ղեկավար Ալլահ Շաքուր Փաշազադեին: Թուրքիան վրդովված է, որ Փաշազադեն ընդգծել է, որ Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունը առ այն, որ Ղարաբաղը իսլամի հողն է, նպաստել է այս պատերազմում Ադրբեջանի հաղթանակին: Փաշազադեն շնորհակալություն է հայտնել Իրանին ու նրա առաջնորդին, սակայն չի նշել Թուրքիայի անունը:

--00--ԱԹ