Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Սոֆյա Հովսեփյան

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա և վերջ …

Սիրելի հայրենակիցներ , ինչպես գիտեք, այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեության լիազորությունները և ինչպես տրամաբանությունն է ակնկալում, պետք է ամփոփեմ գործունեությունս և կփորձեմ այն ներկայացնել առավել հակիրճ, քանի որ ներկայացնելու շատ բան կա, իսկ կյանքը կարճ է՝ անցած-գնացածին երկար անդրադառնալու համար …

Այս երկուսուկես տարիների ընթացքում, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, փորձել եմ գործել առավելագույնը. լինել խնդիրների կողքին, հետևողականություն ցուցաբերել և լուծման հասնել մի շարք հարցերում, որոնք անլուծելի էին թվում, թե օբյեկտիվ և հաճախ նաև սուբյեկտիվ պատճառներով:

Լինելով ԳԿՄՍՍ մշտական հանձնաժողովում՝ առավելագույն մասնակցություն եմ ունեցել գրեթե բոլոր կարևոր օրենքների մշակման, լրամշակման գործում, հեղինակել, համահեղինակել և առաջարկություններ եմ ներկայացրել մի շարք օրենքներում:

Երկու տասնյակից ավելի լսումներ, միջգերատեսչական քննարկումներ եմ կազմակերպել տարբեր հարցերի շուրջ, տարբեր ոլորտներին առնչվող (բաց քննարկումների տեսանյութերը առկա են ԱԺ կայքում): Առաջարկություններ եմ ներկայացրել կառավարություն մի շարք խնդիրների շուտափույթ լուծման համար, որոնց մեծ մասը իրենց դրական լուծումն են ստացել (բացառություն են առողջապահության նախարարության առնչվող որոշ հարցեր, որոնք չեն լուծվել, քանի որ սուբյեկտների անձնական շահագրգռվածությունը թույլ չի տվել):

Պատգամավորական ողջ գործունեությանս ընթացքում, այո, ունեցել եմ նաև տարաձայնություններ և հակառակ կարծիքներ, որոնք կապված են եղել բացառապես երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին (Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա, Ամուլսար և այլն, գրեթե բոլորը լուսաբանված են և գաղտնիք չէ):

Բաց չեմ թողել ոչ մի հայտարարության ժամ կամ կառավարության հետ հարց ու պատասխան, որտեղ բարձրաձայնել եմ բացառապես երկրում տեղի ունեցող խնդիրներին առնչվող հարցեր, որոնք դուրս եմ բերել մարզային այցելություններիս ժամանակ:

Չեմ սահմանափակել գործունեությանս աշխարհագրությունը միայն իմ մարզով (Շիրակի մարզ), քանի որ գիտակցում եմ Շիրակի մարզի անվտանգությունն ու զարգացումը փոխկապակցված է ամբողջ երկրի անվտանգության և զարգացման հետ և գործել եմ այնտեղ, որտեղ եղել է կարիք: Իմ խնդիրը հայ մարդու բարեկեցությունն է և այն տեղանք չի ճանաչում:

Ամեն ամիս այցելել եմ մարզեր, գրեթե բոլորը, այդ թվում նաև Արցախ:

Այս ողջ ժամանակահատվածում, բացի օրենսդիրում իմ գործունեությունից, նաև զուգահեռաբար իրականացրել եմ մի շարք ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել, իմ, իմ ընկերների, նվիրյալ հայրենակիցների ներդրումների և ջանքերի շնորհիվ, որի համար շնորհակալ եմ (դպրոցների մասնակի վերանորոգում, առաջնագծի ինժեներական աշխատանքներ և հագեցվածություն, անօթևանների բնակարանային հարցեր, բժշկական կենտրոններում սարքավորումներով հագեցում և այլն: Առկա են գրեթե բոլոր փաստաթղթերը):

Գործունեությանս տրամաբանությունը, իհարկե, փոխվեց պատերազմից հետո, քանի որ մարտահրավերներն էլ փոխվեցին և բնական է, չեմ եղել անտարբեր և առավելագույն գործել եմ, թե տեղահանվածների, թե զոհված զինծառայողների, թե այս պահին ծառայող զինվորների հարցերի բարձրաձայնման և հնարավոր կարգավորման գործում (իհարկե մի մասն ունեն դրական լուծումներ, մի մասն էլ ընդունել են ի գիտություն և մնացել է առաջարկի տեսքով , հուսով եմ ժամանակի մեջ լուծում կլինի):

Ինչևէ, բավականին երկար ստացվեց և հնարավոր էլ չէ ամեն ինչ ներկայացնել, բայց ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ գործին ու ազնվությանը մինչև վերջ հավատացող մարդկանց, շնորհակալ եմ նաև այն չարախոսներին, ովքեր ամեն կերպ փորձեցին վարկաբեկել, չարախոսել ու արդյունքի չհասան , քանզի արդար մարդու դատավորն Աստված է:

Հաջողություն եմ մաղթում 8֊րդ գումարման ԱԺ այն պատգամավորներին , որոնք չեն զբաղվելու ժամավաճառությամբ և նվիրվելու են երկրի ու պետության ամրացման գործին:

Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց՝ թույլ տալով ընտրողին տեր կանգնելու իր քվեին և առերեսվելու իր ընտրածի հետ, քանզի գիտակցում եմ հարցերի լուծման բեռը վերցնելով իմ վրա , չեմ թողնում հարցի հասցեականությունը տեղ հասնի և առերեսում տեղի ունենա:

Խաղաղություն մեր երկրին, մեր ազգին, անփորձանք ծառայություն մեր զինվորներին, շուտափույթ վերադարձ մեր գերիներին, առողջություն հայրենքի համար կյանքը վտանգած մեր տղաներին:

Խոնարհումս զոհվածների շիրիմներին:

Շնորհակալ եմ…
Կհանդիպենք …»։

--00--ԱՀ