Դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունվարի 9-ին  իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային (Andrzej Duda)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ 

Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր առնչություններին և բարեկամությանը, Լեհաստանի հայկական համայնքի ներդրմանը երկրի քաղաքական և հասարակական կյանքին։

Կողմերն առանձնակի կարևորել են Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հաստատված բարեկամական և մշտապես վերելք ապրող միջպետական հարաբերությունները։ Ընդգծվել է փոխայցելությունների միջոցով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։ Օրակարգային է դիտարկվել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ երկուստեք գործարար համայնքներին աջակցությամբ և խրախուսմամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափին, դրա շրջանակներում Լեհաստանի առաջնորդող դերակատարությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը։

Դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի նախագահին ներկայացրել է  2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, հեղափոխական վերափոխումների գործընթացը, տեղեկացրեց նորընտիր խորհրդարանի առաջիկա նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև՝ նոր կառավարության ձևավորման վերաբերյալ։

Հավատարմագրերի հանձնման արարողակարգային միջոցառումների շրջանակներում դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին։