Գողություն հանգստյան գոտում. Սևանի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ամառային հանգստի սեզոնին Սևանի ոստիկանների աշխատանքը ծանրաբեռնված է՝ հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, հանցագործությունների կանխարգելում: Իհարկե, հնարավոր չէ կանխել բոլոր հանցագործությունները, և նման դեպքերում արդեն հերթը բացահայտմանն է: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 1-ի գիշերը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բաժին բերման ենթարկեցին աբովյանցի 49-ամյա մի տղամարդու: Նա կասկածվում էր գողություն կատարելու մեջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախորդ օրը նա, օգտվելով Սևանա թերակղզու հանրային լողափի հանգստյան գոտու հյուրանոցային համարի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել ու գողացել էր կնոջ պայուսակ, որի մեջ կային հայկական, ռուսական ու վրացական դրամներ, օծանելիք, ակնոցներ ու բանկային քարտ, նաև` համարը վարձակալած ամուսինների անձնագրերը:

Հանցագործության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ԱՀ