Սիգի ապօրինի որսի և վաճառքի դեպքում ամենախիստ վարչարարությունը կկիրառվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News  

Ռոմանոս

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական փորձարարական ձկնորսության որսաշրջանը, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլի ավարտի պատշաճ կազմակերպման և ընթացիկ հարցերի քննարկման շուրջ այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր հրավիրվել։

Խորհրդակցությանը ներկա էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո․ Գրիգորյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա․ Աբելյանը, տնօրենի տեղակալները, ազգային պարկի 5 մասնաճյուղերի ղեկավարները, արագ արձագանքման բաժնի ղեկավարը և հերթափոխի պատասխանատուները։

Նախարարին են ներկայացվել արդյունագործական որսաշրջանի արդյունքների և 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ամփոփ տվյալներ։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թ. մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլը։

Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի երկրորդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Նախարար Պետրոսյանը խիստ գնահատականներ է հնչեցրել մայրաքաղաքի փողոցներում մանրաձկան վաճառքի դեպքերի վերաբերյալ և տվել մի շարք հանձնարարականներ։

Հաշվի առնելով ՀՀ շուկաներում մեծ քանակությամբ որսի համար թույլատրելի չափից փոքր (այդ թվում՝ մանրաձուկ) սիգի վաճառքի փաստերը և դրա վերաբերյալ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մտահոգությունները, նախարարի հանձնարարականով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով, որ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկի միջոցառումներ՝ բացառելու 400 գրամից պակաս քաշով սիգի ապօրինի որսը և վաճառքը։

Նախարարն ազգային պարկի ղեկավար անձնակազմին հանձնարարականներ է տվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի ավարտը տարածաշրջանում սոցիալական խնդրի չհանգեցնի։

«Մենք հասարակության կողմից լիազորված ենք ոլորտի ու պետության համար նշանակալի արդյունքներ գրանցել, և այդ ճանապարհին կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ»,- նշել է նախարարը։

--00—ՄՀ