Քննարկվել է Արաքսի ավազանի ավազի հանքերի շահագործման կանոնակարգման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերով։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Քննարկմանը մասնակցել են գիտական և պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Լևոն Ջավադյանը, Խաչիկ Սապոնջյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, այլ պետական գերատեսչություններից։

Ընդերքի ոլորտը համակագող փոխնախարար Լիլիա Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նրանց հետ քննարկել խնդրի կարգավորման օրեսդրական և վերահսկողական հնարավոր լուծումները՝ առաջնահերթ համարելով Արաքս գետի՝ սահմանային հարցերի հետ կապված հարցերը։

Միևնույն ժամանակ, փոխնախարարը նշել է, որ լուծումները պետք է տրվեն՝ փորձելով հնարավորինս հաշվի առնել գիտական և տնտեսագիտական հիմնավորումները և խուսափել նաև ավազի առաջարկի և պահանջարկի խզումից։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նախքան խնդրի լուծման տարբերակներ մշակելը նախարարությունը կարևորում է ոլորտում փորձառու մարդկանց մասնագիտական կարծիքը հատկապես այն տեսանկյունից, թե ինչն է թույլատրելի կամ ոչ շահագործման ընթացքում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ավազի արդյունահանման հետևանքով Արաքս գետի ավազանում ստեղծված իրավիճակին, ինչը, ըստ մասնագետների, կարող է առաջ է բերել թե՛ Արաքս գետի հունի փոփոխման, թե՛ հողերի ռեկուլտիվացման հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները յուրաքանչյուր իրավասու մարմին իր կողմից կմշակի իրավական ակտի նախագծի տեսքով, որոնց շուրջ քննարկումներն ավելի հստակ կդառնան։ Որոշվեց, որ թեմայի շուրջ աշխատանքային հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

--00--ԱԹ

Տեսանյութեր