Տավուշի ԱԳԼՃԿ-ներում ծանր հետևանքներով ախտումներ կան․ դատախազությունն առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

դատախազություն

Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում տվյալներ են ստացվել մարզի տարածքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի՝ Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի հատվածում, գազալցակայանում լիցքավորվելուց հետո, ընթացքի մեջ «Մերսեդես–Բենց Е-350» մակնիշի ավտոմեքենայի գազի գլանոթը պայթելու հետևանքով անզգուշությամբ վերջինիս մահն առաջացնելու փաստի առթիվ:

Բացի այդ, 2021թ. հուլիսի 28-ին «Իջևան» ԲԿ-ից հոաղորդում է ստացվել, որ մարմնական տարբեր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով նշված մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, N ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի գլանոթը պայթելու հետևանքով: Տեղի ունեցած դեպքերի կոնկրետ պատճառի պարզման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշման՝ լիցքավորման ավարտի ճնշումը պետք է լինի ոչ ավելի, քան 19,6 ՄՊա, մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ լիցքավորման ավարտին ճնշումը գլանոթում կազմում է 19,6 ՄՊա-ից ավելին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կայնքի և առողջության համար:

Հաշվի առնելով նման խախտումների արդյունքում առաջացող ծանր հետևանքները՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազը գրություն է հասցեագրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ձեռնարկելու միջոցներ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված՝ գազալցակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները հայտնաբերելու, սահմանված կարգով ընթացք տալու և նմանատիպ հետագա դեպքերի հնարավորությունը բացառելու ուղղությամբ:

Մարզի դատախազը նշել է, որ միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է իրականացվի մարզի տարածքում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայաններում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման մշտադիտարկում, կատարվեն հաճախակի անակնկալ ստուգայցեր՝ սահմանված տեխնիկական կանոնակարգերի անշեղ պահպանումը մշտական դարձնելու նպատակով»,-ասված է դատախազության հաղորդագրությունում։

--00—ՄՀ

Տեսանյութեր