Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Նոր Նորք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մարությանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:

«Մենք նախաձեռնել ենք բազում ծրագրեր ու կյանքի ենք կոչել տարբեր նախագծեր, որոնք հետզհետե լուծումներ են տալիս քաղաքի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին: Այս ամենը շարունակելու, և զարգացման ծրագրերն ընդլայնելու համար հարկավոր է ամենօրյա նվիրված աշխատանք ու հետևողականություն: Վարչական շրջանները քաղաքացիների հետ շփման առաջին օղակն են և, ուրեմն, մենք պարտավոր ենք բարեհամբույր սպասարկում ապահովել մեր բնակիչների համար ու, եթե անգամ խնդիրը մեր տիրույթում չէ, ուղղորդել նրանց: Մեր աշխատանքը ծառայություն է երևանցիներին, և այդ ծառայությունը պետք է կատարենք պատվով»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջնահերթ խնդիրների շարքում նշել է, մասնավորապես, եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացումը և բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպումը։

--00--ԱԹ