Էդուարդ Աղաջանյան, Մխիթար Հայրապետյան. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի սև ցուցակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է պետական պաշտոնյաների ցանկը, որոնք անպատասխան են թողել կամ անհիմն պատասխաններ են տվել քաղաքացիների դիմումներին ու հարցումներին։

Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է։

«էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմը անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանը անհիմն է, քանի որ թեև Կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։ 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Yerkir.am առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու Վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը և ինչու է Վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը։ 2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին «Մեդիամաքս» առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում և ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան»,- ասված է զեկույցում։

Երկրորդ տեղում ՀՀ պաշտպանության նախարարությունն է՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ․

«2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունը անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու, և ոչ մերժումը հիմնավորելու համար: 2018թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը: Նախարարության պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 3 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու, եւ ոչ մերժումը հիմնավորելու համար: 2018թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 և 2018թ.թ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել»:

3-րդը տեղում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է՝ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյան։ Այս գերատեսչության մասին ԻԱԿ-ն գրում է․

«2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են:

2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում անելով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին, որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ»:

Ցուցակում հայտնվել է նաև սփյուռքի նախարարությունը՝ նախարարի պաշտոնակատար, արդեն պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավարությամբ․

«2018թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդամ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել»։