2 անչափահաս Նոր Արտամետի դպրոցից գողացել են համակարգիչ, էլեկտրական ջեռուցիչ, հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետև կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ և հեռախոս:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 անչափահաս, որոնցից մեկը ներկայացվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ հունվարի 8-ին՝ ժամը 22-ի սահմանում, նրանք Նոր Արտամետ գյուղի դպրոցից կատարել են գողություն, միաժամանակ հայտնել է, որ հունվարի 8-ին՝ ժամը 21-ի սահմանում, գողություն են կատարել նաև Նոր Արտամետ գյուղի բուժամբուլատորիայից:

Դեպքի վայրի զննությամբ Նոր Արտամետ գյուղի դպրոցի հետնամասում առկա այգեգործական նշանակության հողատարածքի վերջնամասից հայտնաբերվել և վերցվել են դպրոցից հափշտակված համակարգիչը, էլեկտրական ջեռուցիչը, հեռախոսը, իսկ անչափահասներից մեկը ներկայացրել է բուժամբուլատորիայից գողացված էլեկտրական սարքավորումների մարտկոցները:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը բաժին է ներկայացել նաև մյուս անչափահասը ու տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: