Պայթյուն՝ Գյումրիում. մահացել են ՀՀ ԶՈւ զինծառայողն ու իր հղի կինը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ՔԿ

2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու դիերը՝ նռնակի պայթյունին բնորոշ հետքերով և վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվոմ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի նմանվող առարկա՝ նռնակի թողարկման լծակ, պայթուցիչի օղակ, ինչպես նաև՝ մարդկային պտուղ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ԱԹ