Ներման հանձնաժողովի օրակարգի հարցերը չեն հրապարակվում․ Մհեր Ենոքյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական ծառայությունը՝ մեկնաբանելով 22 տարի առաջ Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործը։ 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գործընթացն ամբողջությամբ փակ է և որևէ թեմա բարձրաձայնման ենթակա չէ։ 

«Ո՞ր դատապարտյալն է խնդրագիր ներկայացրել  ներման հանձնաժողով, խնդրագրին ի՞նչ եզրակացություն է տրվել, արդյոք դա ուղղվա՞ծ է վարչապետին, թե՞՝ ոչ։ Այս թեմայով արդարադատության նախարարությունը տեղեկություն հրապարակելու իրավասություն չունի», - պարզաբանել է լրատվության պատասխանատուն, ապա հավելել․

«Այս գործընթացը եռաստիճան է։ Հանձնաժողովը, որպես խորհրդատվական մարմին, քննում է, տալիս եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում այն փոխանցվում է վարչապետին և վերջինիս հայեցողությամբ ներկայացվում նախագահին։ Նախագահի հրամանագիրը ևս փակ է։ Դրա մասին տեղեկացվում է դատապարտյալը կամ փաստաբանը, այսինքն՝ այն փակ շղթա է», - եզրափակել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներման հարցին։