Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը շտապ օգնությունը ստացել է 486-ով ավելի կանչ, քան անցյալ տարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

2018 թվականի դեկտեմբերի 31-ից 2019 թվականի հունվարի 7-ը Երևանի շտապ օգնությունը ստացել է 7065 կանչ՝ 486-ով ավելի, քան անցյալ տարի: Հունվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ամանորյա տոների օրերին հոսպիտալացվել է 1333 մարդ՝ 125-ով ավելի, քան եղել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ամանորյա օրերին գրանցվել է նաեւ 847 մանկական կանչ եւ 250 հոսպիտալացում (անցյալ տարվա տոների համեմատությամբ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար՝ 211-ով եւ 61-ով):

Առավել մեծ թվով կանչեր են ստացվել հունվարի 4-ին՝ 956, ընդ որում՝ այդ օրը հոսպիտալացվել է 182 մարդ:

Տոնական օրերին կանչերի հիմնական պատճառներն էին՝ սիրտ-անոթային հիվանդությունները եւ սուր շնչառական վիրուսային (ՍՇՎ) ինֆեկցիաները: Ուշագրավ է, որ չեն գրանցվել ծանր սննդային թունավորումներ:

Խոսելով նախորդ տարվա համեմատությամբ կանչերի թվի մեծացման մասին՝ Ստեփանյանը նշեց, որ շատերը շտապ օգնություն են կանչում նույնիսկ այնպիսի աննշան ախտանշանների դեպքում, ինչպիսին է գլխացավը:

Ինչ վերաբերում է ՍՇՎ-ով պայմանավորված կանչերին, ապա նշվեց, որ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ գրանցվել են ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին, այնպես էլ նոյեմբերին: