ՌԴ զորքերը Տավուշում են․ ըստ ՀՀ իշխանության՝ գտնվելու նպատակը ո՞րն է․ Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք փոխօգնության պայմանագիր, ՀԱՊԿ-ի հետ ունենք փոխադարձ պարտավորություններ, այնպես որ խնդիրն այն չէ, որ մեր դաշնակցի զորքերը մեր սահմանին են, այլ այն, թե իրավական ի՞նչ հիմքով են, և որ ամենակարևորն է՝ գտնվելու նպատակը ՀՀ  իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ՌԴ սահմանապահների ներկայությանը: 

«Հայաստանի իշխանությունը գործում է գաղտագողի ռեժիմով, Հայաստանի անվտանգության հարցը ամեն օր ավելի է սրվում, և իշխանությունը անվտանգության ապահովման հարցում անհասկանալի վարքագիծ է դրսևորում»,- ընդգծեց նա:

Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը նշեց, որ Ոսկեպարում ՌԴ սահմանապահների ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար իրենք նամակով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, սպասում են պաշտոնական պարզաբանման: 

Անդրադառնալով ՊՆ նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի այն կարգադրությանը, ըստ որի՝ «պետք է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել ՀՀ սահմանը», Մինասյանը նկատեց. «Կարծում եմ, այդպիսի գործողությունները պետք է ձեռնարկել մինչ հայտարարելը, և հայտարարությունը պետք է ոչ թե շոուի, այլ իրական պաշտպանության տարր պարունակի: Կարծում եմ՝ առաջիկայում առիթ կլինի ՊՆ նախարարին հարցեր ուղղելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ