Ամեն բան չէ, որ պետք է բացահայտ ասենք. ՔՊ պատգամավորը՝ սահմանների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Երասխում, Վարդենիսում կրակոցներ են հնչում, թուրքը մնում է թուրք, ուզում է սադրանքներ անել, որպեսզի իրավիճակը թեժացնի և  պատերազմի օջախներ ստեղծի, բայց մենք իրենց հակահարված ենք տալիս, կրակում են՝ մենք էլ ենք կրակում, բանակը իր առջև դրված խնդիրները կատարում է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով սահմաններին տիրող լարվածությանը:

Անդրադառնալով ՊՆ նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի այն կարգադրությանը, որ պետք է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել ՀՀ սահմանը, նաև ընդդիմախոսների քննադատությանը, թե հայտարարությունը ուշացած էր, Մելքոնյանը պատասխանեց.

«ՀՀ պաշտպանության նախարարը հրամայել է կրակել, հիմա կրակելու են, ի՞նչ եք ուզում, ընդդիմությանը չենք հասկանում, կրակում ենք՝ ասում են «մի կրակեք», չենք կրակում, ասում են՝ «կրակեք», ո՞նց հասկանանք»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը նշում է, որ սահմանային իրավիճակի մասին իշխանությունը տեղեկությունները թաքցնում է, Մելքոնյանը պատասխանեց.

«Գաղտնիության վարկած կա, որը պետք է պաշտպանել, եթե ամեն ինչը մենք բացեիբաց ասենք, թշնամին ամեն ինչ իմանալու է: Պետք է բերաններս փակ պահենք, ամեն բան չէ, որ պետք է բացահայտ ասենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ