Արսեն Խառատյանն առաջարկում է նոր ԱԺ-ին հանդես գալ Կարո Փայլանի պաշտպանական հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան էջում  գրառում է արել ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատագամավորներին առաջարկել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի հայազգի Կարո Փայլանի: Գրառումը՝ ստորև․

«ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի սիրելի՛ գործընկերներ, հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից Garo Paylan – Կարօ Փայլան-ի:

Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տեւական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա եւ իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռեւս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ակոսի խմբագիր Հրատ Դինքը:

Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաեւ պետք է ուղերձ հղի գործադիրին, իսկ մասնավորապես արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում եւ միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ և բանաձևեր ընդունելու ուղղությամբ:

Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին: Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի և իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաև նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք: Մեզ բոլորիս բարի և խաղաղ ընթացք…»,- գրել է Խառատյանը: 

Հիշեցնենք, որ Rusarminfo-ն, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, գրել էր, որ  Փայլանի դեմ հետաքննություն սկսելու համար դատախազությունն ստացել է երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը: Դիարբեքիրի դատախազությունը միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան Ժողովրդադեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին՝ նրա դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով սկսված հետաքննության հետ կապված: