Պնդումները, թե պետք չէ կապիտուլյացիա բառն օգտագործել, ընդամենը ջայլամի քաղաքականություն է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Ստեփան Դանիելյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հիմա քննարկման առարկա է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր, թե ոչ։ Գործող կառավարությունը փորձում է այդ բառից ազատագրվել, գործող ընդդիմությունը՝ ճիշտ հակառակը։ Երկու դեպքում էլ նպատակը իմիջային է, քաղաքական մանիպոիլյացիաների խնդիր է, ուղղված ներքին լսարանին։

Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում "կապիտուլյացիա"։

Գերմաներեն Kapitulation նշանակում է ռազմական գործողությունների դադարեցում կողմերից մեկի պահանջները բավարարելու պայմանով։

Կա նաև Անվերապահ Կապիտուլյացիա՝ unconditional surrender, որը նշանակում է կողմերից մեկը հանձնվում է առանց պայմանների՝ հաղթող կողմի ողորմածության հույսին մնալով։ Առաջին տարբերակի դեպքում մուծում են ռազմատուգանք` փողով, կամ «ապրանքով», օրինակ` տարածքի, կամ «միջանցքի» տեսքով, երկրորդ տարբերակի դեպքում վերցնում են ինչ ցանկանան։

Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան Կապիտուլյացիա է ստորագրել, սակայն պայմաններով, իսկ 1945-ին ստորագրել է Անվերապահ Կապիտուլյացիա՝ «unconditional surrender»։ Այս դեպքում երկիրը զրկվում է սուվերենությունից, տարածքային կորուստներ է ունենում, ռազմական ղեկավարները դատվում են որպես պատերազմի հանցագործներ և այլն։ Միչև այժմ Գերմանիայի սուվերենությունը սահմանափակված է, որի հետ հաշտության պայմանագիր 1945-ին հաղթող երկրները դեռևս չեն ստորագրել։

Երկու դեպքում էլ միջազգային իրավունքն ունի կարգավորումներ, չնայած ամեն մի դեպքում կյանքն իր ուղղումներն է մտցնում։

Հիմա գանք մեր դեպքին, արդյոք Նոյեմբերի 9-ի հայտարարությունն Անվերապահ Կապիտուլյացիա է՞ր, իհարկե ոչ, այն պայմաններով թելադրված էր, այսինքն ուղղակի կապիտուլյացիա էր և ստորագրման պահից հետո մենք դուրս ենք եկել թշնամու ոտքը չդրած տարածքներից, մեր գերիները դատվում են որպես պատերազմի հանցագործներ, Արցախը Ռուսաստանի վերահսկողության տակ է, իսկ բուն Հայաստանի տարածքի մի հատվածը Ադրբեջանն օկուպացրել է, իսկ մնացած մասի անվտանգության երաշխավորը մենք չենք։

Այս առումով հստակ է, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլյացիա էր, սակայն անվերապահ կապիտուլյացիայի որոշակի տարրերով։

Այն պնդումները, որ պետք չէ այդ նվաստացուցիչ բառը օգտագործել, ընդամենը ջայլամի քաղաքականություն է, ինչով ինքներս մեզ փորձում ենք խաբել։

Ուղղակի ֆիքսենք իրականությունը, լինենք սթափ և անենք հետևություններ»,- գրել է Դանիելյանը։

--00--ԱՀ