Միջադեպ Մանվել Գրիգորյանի պաշտպանի և ակցիայի մասնակիցների միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News 

Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա՝ հունվարի 11-ի դատական նիստից հետո Գրիգորյանի պաշտպանի և վերաքննիչ դատարանի առջև ակցիա իրականացնող քաղաքացիների միջև միջադեպ տեղի ունեցավ։ Պաշտպանը դուրս եկավ փողոց, որտեղ Էջմիածնից ժամանակ, ինչպես նաև՝ երևանաբնակ քաղաքացիները մոտեցան պաշտպանին։

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը դիմեց պաշտպան Մկրտչյանին․ «Ինձ նայիր, քեզ նայիր, ես ժողովրդի հետ եմ, իսկ դու Մանվել Գրիգորյանի փաստաբանն ես։ Հիմա ո՞վ է այստեղ թափթփուկ»։

Մկրտչյանը պատասխանեց, թե որևէ մեկի թափթփուկ չի անվանել։ Ապա նա դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ իր գործունեությունը խոչընդոտում են։ Ոստիկանն ուղեկցեց պաշտպանին, իսկ ցուցարարները սկսեցին բղավել․

««Տուշոնկի» փաստաբան, «տուշոնկի» փաստաբան, «տուշոնկա՛»»։

Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ ֆեյսբուքյան էջում հակադարձել է նման վիրավորանքներին, իսկ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը նշեց, թե վաղը ևս որոշակի քայլեր կանեն, որոնց մասին հանրությունն ավելի ուշ կիմանա։