Կապանի ավագանու որևէ անդամի ես չեմ համոզել ու չեմ հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Կապանի ավագանու որևէ անդամի ես չեմ խնդրել, չեմ համոզել ու չեմ հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, թե Կապանի ավագանու որոշ անդամներ իր հորդորով են հրաժարականի դիմումներ ներկայացրել:

Օրեր առաջ Կապանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Aravot.am-ին հայտնել էր, որ ավագանու 15 անդամից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը,  Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները՝ դիմումներում չնշելով հրաժարականի պատճառների մասին:

Մինչ այդ, ըստ աղբյուրի, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, բայց քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։ Միայն մեկ հոգի էր ներկայացել՝ Նարեկ Դավթյանը։

Ըստ գործող կարգի՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարվում, երբ կազմի կեսից ավելին հրաժարականի դիմում են ներկայացնում։ Փաստորեն, եթե ավագանու երկու անդամ էլ մանդատից հրաժարվեն, ապա Կապանի համայնքի ավագանու  արտահերթ ընտրություններ կնշանակվեն։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց:

2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու էր, բայց ձայների նվազագույն առավելությամբ հաղթել էր անկուսակցական Գեւորգ  Փարսյանը։ Այն ժամանակ իշխանական թեկնածուի պարտությունը վերագրեցին այն բանին, որ վարչապետի որոշմամբ մարզպետ էր նշանակվել Հունան Պողոսյանը, որը ծննդով սյունեցի չէր։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի հետ աշխատանքային փոխհարաբերություններ ունի։

Հրաժարական ներկայացրած ավագանու անդամները Aravot.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ոչ մեկը իրենց չի հորդորել, պարզապես չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել։

Նրանցից 3-ը՝ Վաչե Ասրյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վիլեն  Գրիգորյանն աշխատում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ հուլիսի 13-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենը նրանց ազատել էր աշխատանքից:

--00--ԱՀ