Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում «կիսապարտադիր» պատվաստմանը. հարցում Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14,  24News

Օրեր առաջ Առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարվելու դեպքում Հայաստանի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային սննդի օբյեկտների, մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչները և բուհերի դասախոսները ստիպված կլինեն ամսվա մեջ երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնել:

24 News-ը շրջեց Երևանում պարզելու համար, թե քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, և արդյո՞ք նախարարի որոշումն անուղղակի կերպով չի ստիպում քաղաքացիներին պատվաստվել:

Հարցումներին մասնակցած քաղաքացիների մի մասը համոզված է, որ պատվաստումը կարող է կանխել համավարակի տարածումը, սակայն ընդգծում են՝ այն պետք է լինի ըստ ցանկության և քաղաքացին չպետք է ստիպված լինի պատվաստվել՝ պայմանավորված աշխատանքի բնույթով:

Քաղաքացիներից շատերն էլ առողջական խնդիրների պատճառով խուսափում են պատվաստվել, քանի որ դեպքեր են եղել, որ հիվանդությունն ավելի բարդացել է:

«Ծանոթներ ունեմ, որոնց մոտ  պատվաստումից հետո առողջական խնդիրներ են  առաջացել, կան նաև մահացության դեպքեր: Եթե քաղաքացին արդեն կորոնավիրուսով վարակվել է, ապա պատվաստվելու իմաստը ո՞րն է»,-նշեց քաղաքացիներից մեկը:

Հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի ընդգծեց.

«Պատվաստվելը պարտադիր է, եթե ասում են՝ պատվաստվեք, ապա պետք է պատվաստվել: Չպատվաստվելը բացառապես խավարամտություն է՝ միջնադար, ինչը մեր հասարակությանը հարիր չէ»:

 --00—ՄՀ