Հայտնաբերվել և ոչնչացվել է 13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերմումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 10-ից 15-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 76 հողամասից հայտնաբերվել է կանեփի 3289 հատ բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  2367 գրամ մարիխուանա, ինչպես և տարբեր քաշերով մեթամֆետամին, ալֆա «PVP» թմրամիջոցներ ու հոգեմետ հաբեր: Իրականացված բացատրական ածխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, հայտնաբերվել է  30 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ