Վայոց ձորում ՏԻՄ ընտրությունների իրավական կոլապս է առաջացել. Էմին Երիցյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Նախորդ տարիներին խոշորացումների արդյունքում Վայոց Ձորի մարզում այսօր ունենք 8 համայնք (Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Մալիշկա, Ջերմուկ, Վայք)։

Բոլորը, բացի Մալիշկայից ու Եղեգնաձորից, բազմաբնակավայր համայնքներ են (խոշորացված)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը:

«Եղեգնաձոր, Զառիթափ, Ջերմուկ, Վայք համայնքներում ավագանու և համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն ավարտվում է 2021 հոկտեմբերի 7-ին։

Մալիշկայում նույն ժամկետում ավարտվում է ավագանու լիազորությունները։

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է նշանակվեն լիազորությունների վերջնաժամկետին ամենամոտ օրը (օրենսդրի մտադրությամբ՝ մինչև այդ ժամկետի ավարտը) մարզպետի որոշմամբ ոչ ուշ քան 70 օր առաջ։

ԿԸՀ-ի կողմի ընտրությունների օրեր են նշանակված հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը։

Մինչդեռ, օգոստոսի 18-ի դրությամբ ո՛չ ԿԸՀ-ի կայքում, ո՛չ Վայոց Ձորի մարզպետարանի կայքում չկա տեղեկատվություն ընտրություններ նշանակելու մասին։

Բոլոր դեպքերում հայտնվում ենք ՏԻՄ ընտրությունների իրավական կոլապսի մեջ։ Տարբերակները հետևյալն են.

Ա) Եթե նախատեսում է նշված համայնքներում ընտրություններ նշանակել նոյեմբերի 14-ին, ապա գործ ունենք ԸՕ-ի պահանջների խախտման հետ, որի հետևանքը կլինի այն, որ հոկտեմբերի 7-ից այս համայնքներում չենք ունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման մարմիններ (ավագանի և համայնքի ղեկավար), իսկ կառավարությունը (մարզպետը) կարող են նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։

Իրավիճակը կարող է ավելի խճճվել, երբ որևէ շահագրգիռ կողմ դիմի դատարան՝ մարզպետին ընտրություններ նշանակելու որոշում կայացնելու պարտավորեցնելու հայցով։

Բ) Օրենքով սահմանված ժամկետներում ընտրություններ չնշանակելու այլ «պատճառ» կարող է լինել կառավարության մտադրությունը Վայոց Ձորի այս համայնքների մասով կրկին վարչատարածքային փոփոխություններ իրականացնելը (խոշորացում)։

Այս պարագայում իրավական կոլապսն ավելի կատաստրոֆիկ կլինի։

Նախ, քանի դեռ չկա ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններ) վարչատարածքային փոփոխությունների մասով)՝ ԸՕ-ի պահանջները ոչ ոք չի կարող անտեսել։

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունները չեն կարող բլից-գրիկ ընդունվել՝ կապված շատ հանգամանքների հետ, որոնց մասին՝ հետագայում։

Պատկերացրեք այս պարագայում որևէ շահագրեիռ կողմ դիմի դատարան՝ պարտավորեցնելով ընտրություններ նշանակել ԸՕ սահմանված ժամկետներում։ Կունենանք նույն համայնքի համար ընտրությունների 2 ժամկետ։

Եթե արդեն իսկ խոշորացված համայնքների ընտրությունները չեն նշանակվում, պետք է ենթադրել, որ նոր փուլով կմիավորեն նախկինում արդեն խոշորացրած համայնքներին։

Բոլոր պարագաներում ակնառու է ոչ թափանցիկ, ոչ մասնակցային, առանց երկխոսության գործընթաց, որը ինստիտուցոնալ հետևանքներ կարող է ունենալ։

Նշեմ նաև, որ բացի Մալիշկա և Եղեգնաձոր համայնքներից, Վայոց Ձորի բոլոր համայնքներում ընտրությունները պետք է այսուհետ անցկացվեն համամասնական սկզբունքով»,- գրել է Երիցյանը։

--00--ԱՀ