Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում. Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

ԿԳՄՍՆ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների և սովորողների համար։

Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածություն և տարիֆիկացիոն պլան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 12-ի 38-Լ հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տարիֆիկացիոն մատյանի կազմման առանձնահատկությունները:

Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված նոր գնահատման համակարգի փորձարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով, հաշվի առնելով տարրական դասարաններում միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային (բնութագրային) գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը, Տավուշում ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների դրույքաչափը սեպտեմբերի 1-ից կհաշվարկվի հետևյալ կերպ.

2-րդ դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամ) կազմված է շաբաթական 18 դասավանդվող և գնահատման համար նախատեսված 4 ժամերից:

5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսուցչի մեկ դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է 20 դասավանդվող և 2 գնահատման համար նախատեսված ժամերից:

Գնահատման ժամերի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները:

Տավուշի մարզի փորձարկվող դասարանների համար հաստատվել են հետևյալ առավելագույն ժամաքանակները, որոնք ընդգրկում են պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչները, այդ թվում՝ ընտրովի բաղադրիչը.

2-րդ դասարան՝ տարեկան 928 ժամ,

5-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,

7-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,

10-րդ դասարան՝ տարեկան 1360 ժամ:

Հավելենք, որ ընտրովի բաղադրիչի շրջանակում 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների համար նախատեսված են «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» խմբակները: 10-րդ դասարանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով, ի լրումն պետական պարտադիր բաղադրիչի, դպրոցական բաղադրիչի միջոցով կձևավորվի անհատական դասացուցակ։

Սովորողի գնահատում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 6-ի 37-Լ հրամանով Տավուշի մարզի փորձարկվող դասարաններում գնահատաման փորձնական կարգը: 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում սովորողի գնահատումն իրականացվում է ընթացիկ գնահատման, կիսամյակային, տարեկան ամփոփիչ գնահատումների և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին` ամփոփիչ ատեստավորման եղանակով: Ընթացիկ գնահատումն իրականացվում է ոչ միավորային (բնութագրող), ձևավորող (ուսուցանող) և քանակական (միավորային) ձևերով։ Դպրոցի մանկավարժական խորհուրդը հաստատում է միավորային գնահատման հաճախությունը՝ ըստ ուսումնական առարկաների, ինչպես նաև ձևավորող գնահատման մեթոդները, տեսակները և գործիքները:

Ոչ միավորային գնահատումը կիրառվում է 1-4-րդ դասարաններում, որի ժամանակ թվային նիշ կամ դրան փոխարինող որևէ այլ նշան չի կիրառվում: Իրականացվում է բացառապես բնութագրող բացատրական գնահատում։

Ձևավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում, որի մեթոդներն ընտրում է ուսուցիչը և ուսումնական տարվա սկզբին ներկայացնում մանկավարժական խորհրդին: Ձևավորող գնահատման ժամանակ, հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկություններն ու ուսուցման բովանդակությունը, յուրաքանչյուր առաջադրանքի համար սահմանվում են նկարագրիչներ։

Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանից սկսած առարկայական չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքների յուրացման աստիճանը որոշելու նպատակով։ Գնահատումը կատարվում է 10-միավորային սանդղակով, որտեղ որևէ նիշ չի հանդիսանում անբավարար գնահատական։

Ուսպլան. պետական և դպրոցական բաղադրիչ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի 36-Լ հրամանով հաստատվել է Տավուշի մարզի փորձարկվող դասարանների ուսումնական պլանը: Ըստ այդմ` փորձարկվում է ֆինանսավորման նոր մոդել` հաշվի առնելով անհատական և նախագծային ուսուցման առանձնահատկությունները: Ուսպլանը ունի պետական և դպրոցական բաղադրիչ։

Պետական բաղադրիչով սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկաները: Փորձարկվող դասարաններում դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը, որպես ուսումնական խմբակներ հատկացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած «Առողջ ապրելակերպ» դասընթացին, 10-րդ դասարանում՝ «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին, 10-11-րդ դասարանում՝ ռազմամարզական ճամբարներում՝ ՆԶՊ-ի ուսուցմանը:

10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է: Երկրորդն ընտրվում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկայական ծրագիր ունեցող որևէ այլ լեզու:

Ուսպլանի «Պարզաբանումներ» բաժնում ըստ դասարանների նշված են ուսուցանվող առարկաները: Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարաններն առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։

Միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ՝ 10-12-րդ դասարաններում ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։

--00—ՄՀ