Սիմոնյանն ընդունել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների․ քննարկվել է լրագրողներին առնչվող որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

ալեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանին և «Լրագրողների Ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանին: 

Հանդիպումն իրականացել է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվել են հուլիսի 30-ին փոփոխված Ազգային Ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ (ի դեպ՝ նշյալ կանոնները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տրամաբանությունից): Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:

Ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դրանց բնույթը բացառապես անվտագության նորմերից է բխում: Նա հավելել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:

--00—ԼՄ