Ագարակաձորում թակարդի մեջ հայտնված արջը փրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Օգոստոսի 24-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։ Պարզվել է, որ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ և նրան հարկավոր է օգնություն։

Հիմնադրամի մասնագետները հատուկ հեռահար թմրեցնող սարքի միջոցով քնեցրել են կենդանուն և տեղափոխել անվտանգ վայր։ Գորշ արջն ուշքի գալով վերադարձել է վայրի բնություն։ Տեղում աշխատել են FPWC թիմի անդամները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև՝ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ընդգծենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ներառված կենդանատեսակ է և ունի հատուկ պահպանության կարիք։ Գորշ արջի որսն արգելված է, ինքնաշեն կամ այլ թակարդներ տեղադրելը նույնպես անթույլատրելի է և նախատեսում է պատասխանատվություն։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար և հիշեցնում՝ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։

 --00—ՄՀ