Կապանից ճանապարհը ոստիկանությունը փակել է, տրանսպորտն ուղղորդվում է Տաթևի ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News  

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԱԾ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը գիշերը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Հաղորդագրության համաձայն՝ այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանք է իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Վիճակի վերաբերյալ «Լուրերին» որոշ մանրամասներ է հաղորդել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Արմեն Մկրտչյան (ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ) - Տվյալ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են, որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված: Հատվածը մոտավորապես 5-6 կմ է, հստակ էս պահին չեմ կարող ասել, բայց բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա: 

Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաև Սիսիանից ուղղորդվում են, որ անցնեն շրջանցիկ ճանապարհով:

 --00—ՄՀ