Սեյրանի շիշը, ՔՊ-ականի ոտքը, Թուրքիան ու COVID-ը․ շաբաթվա լուրեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

24News-ն ամփոփել է շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Եվ այսպես, օգոստոսի 26-ի գիշերը ժամը 23։00-ից ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար, իսկ հաջորդ օրը՝ Գորիս-Որոտան հատվածները։ Ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր է եղել տարհանել ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաներ։

Այս պահին հայկական երեք գյուղ՝ Բարձրավանը, Շուռնուխը և  Որոտանը, փաստացի մնացել են ադրբեջանական շրջափակման մեջ, բնակիչները պարենի խնդիր ունեն, որը տեղ է հասցվում ռուս սահմանապահների օգնությամբ։ 

Բացի այդ, դեպի Իրան տնտեսական հաղորդակցությունը նույնպես գրեթե կանգ է առել, իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիրներ ունեն Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված ճանապարհի հատվածները Հայաստանի վարչապետը կոչել է ադրբեջանական անուններով։

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը երկու օր շարունակ վերածվել էր մարտեր առանց կանոնների։ Երեքշաբի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան նախ նկատողություն արեց, ապա կարգադրեց լքել ԱԺ նիստերի դահլիճը։ Վերջինս չենթարկեց այդ հրահանգին, գործին խառնվեցին ԱԺ անվտանգության տասնյակ աշխատակիցներ, սկսվեց հարայ-հրոց, հրմշտոց ու գոռգոռոցներ, ինչի արդյունքում երիտասարդ կին պատգամավորին, այնուամենայնիվ, դուրս բերեցին դահլիճից։ Վնասվեց նրա ոտքը, պատռվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։ ՊՊԾ աշխատանքը բարձր գնահատեց Նիկոլ Փաշինյանը։ 

Առանց այդ էլ միմյանց «գող փիսո, քաչալ շուն» տրամաբանության մեջ ատող իշխանության և ընդդիմության նյարդերը հաջորդ օրն այնքան տեղի տվեցին, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը չդիմացավ, երբ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն իրեն «արա»-ով դիմեց, դրան ի պատասխան Օհանյանն ԱԺ ամբիոնից Սարգսյանի վրա շիշ նետեց, որից հետո էլ սկսվեց տուրուդմփոցը։ 

Իրավիճակը բացարձակապես չհանգստացավ ընդմիջումից հետո։ Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ մի քանի ՔՊ-ականների, վերջիններս ամենևին ոչ Բրյուս Լիին հատուկ ճարպկությամբ փորձեցին հաշվեհարդար տեսնել, մարտեր առանց կանոնների մեջ հատկապես ակտիվ էին նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը, ինչպես նաև ՔՊ մամլո խոսնակ Վահագն Ալեքսանյանը, որի մեկնած ոտքն էլ առ Վահե Հակոբյան ֆիքսել էին տեսախցիկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ