Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելու և 62 անձի գերի ընկնելու գործով փոխգնդապետը չի կալանավորվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակական

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։

Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը. «Դատարանը երկրորդ անգամ գտնվեց իր բարձունքի վրա»,- Շահվերդյանի որոշումն այսպես մեկնաբանեց պաշտպանը։

Արսեն Ղազարյանին կալանավորելու հարցը երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջին անգամ նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է, որը հետագայում բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչը բեկանել էր որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք՝ Խծաբերդի ու Հին Թաղերի մասով հարուցված քրեական գործի շրջանակում փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ հրաման չկատարելը, մարտական դիրքերը թողնելը, զենք գործադրելուց հրաժարվելը և այլն:

Առաջադրված մեղադրանքը փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի ընդունում։ Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պաշտպանական կողմը պնդում էր՝ փոխգնդապետին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունները պարզապես փորձում են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը կորցնելու մեղքը բարդել նրա վրա։

«Պատերազմից հետո՝ դեկտեմբերին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղերի ու Խծաբերդի հատված և տեղաբաշխվել՝ ըստ վերադասի հրամանի։ Տեղաբաշխումից հետո Արսեն Ղազարյանը մի խմբի հետ գտնվել է այդ գյուղերի հատվածներում, իսկ այդ 62 անձը՝ ավելի բարձր դիրքերում, սակայն նրանց միջև կապը կտրվել է, քանի որ Արսեն Ղազարյանին տրված կապի միջոցները չեն գործել՝ եղել են կարճալիք։ Խծաբերդի ու Հին Թաղերի վրա հարձակումը եղել է դեկտեմբերի 13-ին։ Եվ այստեղ ունենք կարևոր հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում․ պատահականորեն դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները բջջային կապն անջատում են, այսինքն՝ դեպքի օրը բջջային կապ չի եղել։ Հիմա հարց՝ Արսեն Ղազարյանն ունի՞ այն հնարավորությունները, որ օպերատորներին ստիպի անջատել կապը։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը»,- նշել էր փաստաբանը։

--00--ԿԿ