Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման բանակցություն չի վարում. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Միրզոյան-Լավրով հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարները ճեպազրույց են ունեցել, որի ժամանակ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ իր առաջին այցը ՌԴ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթով։

Միրզոյանը ընդգծել է, որ ՌԴ-ն խաղացել է առանցքային դեր Ադրբեջանի ագրեսիան ԼՂ ժողովրդի դեմ կանգնեցնելու գործում, և այդ հարցում կարևորել է նաև ռուս խաղաղապահների դերը, որոնց ներկայությունն ապահովում է Արցախի բնակչության անվտանգությունը, և պայմաններ ստեղծում բնականոն կյանքի ապահովման համար։

«Մենք բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը՝ ուղղված պայմանավորվածությունների իրագործմանը, որոնց թվում առավել արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր էղել վերադարձնել գերիների մի մասին»,-ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը դեռ բաց է մնում, և որ դրա հիմքում պետք է դրվի Արցախի կարգավիճակի հարցը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը Ադրեջանի կողմից, ինչպես նաև Բաքվի տարածքային կեղծ պահանջները՝ ուղղված Հայաստանին, և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորիկան ոչ մի կերպ չեն նպաստում մթնոլորտի վերականգնմանը, որը կնպաստեր երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,-ասել է նա և այդ համատեքստում հավելել, որ Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման բանակցություն չի վարում։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, պարբերաբար տորպետահարում է եռակողմ հայտարարությամբ ամրագրված այդ և մյուս կետերի իրականացումը՝ ցույց տալով, որ չունի պայմանավորվածությունների պահպաննման կարողություն։ Ըստ Միրզոյանի՝ Բաքուն շարունակում է դիմել սադրանքների մեթոդին՝ հարվածի տակ դնելով՝ առանց այդ էլ անկայուն վիճակը տարածաշրջանում։

--00--ԿԿ