Կոտայքում Kia Sorento-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց է  ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Փրկարարները հոսանքազրկել են մետաղե ջարդոնի վերածված Kia-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Kia-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան:

--00--ԱԹ