Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարևորել է օրենսդիր մարմնում նորընտիր ղեկավարի պարտականությունների լիարժեք իրականացումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ դժվարին ժամանակահատվածում Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կարևորել խորհրդարանում ձեւավորված դրական ավանդույթների շարունակականության ապահովումը, նորերի ձեւավորումն ու զարգացումը:

Արա Բաբլոյանը խորհրդարանի ղեկավարին ծանոթացրել է նաեւ Ազգային ժողովի նախագահի աշխատանքային պայմաններին: