«Moody's» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Moody's

2021թ. օգոստոսի 31-ին «Moody's» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն:

Ֆինանսների նախարարությունից  հայտնում են, որ հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի տնտեսական հիմնարարները, այդ թվում` տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլն էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի նկատմամբ:

Հարկ է նշել, որ սա «COVID-19» համավարակի բռնկումից և Արցախյան պատերազմի ավարտից հետո «Moody's» վարկանիշային գործակալության կողմից առաջին վերանայումն է, և վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանի վարկային պրոֆիլը հիմնված է ՀՆԱ-ի աճի հզոր ներուժի վրա, որն ուղեկցվում է ավելի բազմազան տնտեսական շարժիչ ուժերով և կայուն տնտեսական ու ֆինանսական կառավարմամբ, ինչն էլ բարձրացնում է երկրի տնտեսական ճկունությունն ու դիմակայունությունը:

--00—ՄՀ