Ստիպված ենք ընդդիմության հետ համագործակցել, քաղաքացիներից մանդատ ենք ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Կառավարությունը արցախցիներին աջակցելու համար մի քանի ծրագրեր է իրագործում, ծրագրերը շարունակական են և վերանայվում են՝ հաշվի առնելով բնակչության փոփոխվող կարիքները»-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով պատերազմից հետո Արցախից տեղահանված բնակչության կարիքներին:

«Պետք է ուսումնասիրել Արցախում վերականգնողական կենտրոնի կարիքները ու Հայաստանի նմանատիպ կենտրոնների հետ փորձի փոխանակում անել, բայց որպեսզի գործընթացը շարունակական լինի, պետք է կարողանանք ծառայություններ ապահովվել նաև Արցախում»,-նշեց պատգամավորը:

Բաթոյանը, խոսելով ԱԺ-ում տիրող լարված իրավիճակից, պատգամավորների ծեծկռտուքներից և անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխանությունը պատասխանատվություն չունի համերաշխ մթնոլորտ ձևավորելու խնդրում, նշեց, որ մշտապես խոսվում է իշխանության պարտավորության մասին, բայց գործընթացը չի կարող միակողմանի լինել.

«Մենք մշտապես համագործակցության կոչ ենք արել, բայց ունենք այն, ինչ ունենք: Սակայն ընդդիմությունը և իշխանությունը քաղաքացիներից ԱԺ-ում աշխատելու մանդատ են ստացել, ուստի՝ ստիպված ենք աշխատել միասին։ Գուցե բարդ լինի, երկար տևի, բայց հույս ունեմ, որ ԱԺ-ի ձևավորումից հետո օրենսդրական նախաձեռնությունների շուրջ կառուցողական մթնոլորտ կլինի»,-հավելեց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ